«Ասում են՝ մարդը Homo Sapiens է, այսինքն՝ բանական արարած: Հիմա հարց տամ ձեզ՝ իսկ ապուշները՝ ապուշներն ի՞նչ է, մարդ չե՞ն: Մարդ են… Իբր թե բանականությունը տարբերում է մարդուն անասնական աշխարհից. շատ թեական պատասխան է: Ասում են՝ մարդը տարբերվում է ուրիշ դասերից զգացմունքներով: Իբր մարդը սիրել գիտի, ատել գիտի, իբր անասունը չգիտի: Մինչդեռ ի՞նչ սեր, երբ մարդիկ հազարամյակներով իրար կոտորել են, դավաճանել են, իսկ այնքան կան լավ գազանիկներ, որոնք երբեք ոչինչ իրար չեն արել...»
«Իմ հայրը, որ դերասան էր, ժողովրդի կողմից սիրված մարդ էր էս աշխարհում: Ինչ-որ մի թշվառական ներկայացում կար Սունդուկյան թատրոնում: Հորս վիճակվել էր խաղալ գերմանացի սպայի դեր՝ գերմանացի սպա: «Ինժեներ Սերգեյ» էր կոչվում այդ պիեսը: Չեմ հիշում, թե ով էր հեղինակը, բայց ապուշի մեկն էր: Անցած-գնացած բաներ են: Մի խոսքով՝ գերմանացի սպա: Պատերազմը դեռ նոր էր վերջացել, էս մարդը (Հրաչյա Ներսիսյանը), որ մտնում էր բեմ, ըստ սովորության, ասում եմ սիրված էր, ամբողջ դահլիճը՝ մեկ էլ որոտընդոստ ծափահարություններ: Լավ՝ մի ներկայացում, երկու …. Երրորդ ներկայացումից հանեցին էդ դերից: Ասում է՝ թե ի՞նչ պատահեց, վա՞տ եմ խաղում գերմանացու դերը: Ասում են՝ եղբայր, ուրեմն չհասկացա՞ր: Պատերազմը նոր է ավարտվել, ֆաշիստը դուրս է գալիս բեմ, եւ որոտընդոստ ծափահարություններ…»:
«Իսկ հիմա դառնանք Անտիգոնեին:
... Այն պահից, երբ իմ ճշմարտությունը բախվում է պետական ճշմարտությանը, սկիզբ է առնում ողբերգությունը: Անտիգոնեի դեպքը հենց դա է. նա դեմ է կանգնում պետական օրենքին: Եվ հիմա նա ոչ թե ցնդածի մեկն է: Նա առաջին քաղբանտարկյալն է: Հիմա, ինչպես են պահում իրենց քաղբանտարկյալները: Դրանք այն մարդիկ են, ովքեր հետագայում մասամբ դառնում են հերոսներ. ես դեմ եմ կանգնել պետության օրենքին` ես հերոս եմ: Մեր գիտցած այդ ըմբոստ հոգին, երբ նրան բռնեցին եւ ասում են հոպ, հիմա քեզ կկրակեմ կսպանեմ: Ասում է` կրակիր, սպանիր: Հիմա, մեր Անտիգոնեն, մեր այդ 27-րդ պատվի կոմիսարը չէ եւ այդպիսի բաներ չի ասում: Ահա, տանում են հիմա նրան զնդան: Ինչ-որ շարժումներ չի անում, հերոսական ճառեր չի արտասանում, որոնց հետո, գիտեք, ասում են` վերջին խոսք: Ասում են, թե ինչու երեսունյոթ թվին Բուխարինը ուրեմն հերոսական ճառ չարտասանեց, իսկ Դիմիտրովը Սոֆիայում արտասանեց: Հերոսական ճառ: Մեր Անտիգոնեն այդպես չի անում: Ընդհակառակը, նրան ասում ես` սա՞ է հերոսուհին: Այո, դա է: Ուրեմն ձեր տարիքի աղջիկ է: Կյանքը ինչ բան է` դեռ չի տեսել: Սիրել է, բայց դեռ չի ըմբոշխնել դրա քաղցրությունը: Նա ուզում է ապրել, նա ուզում է սիրել, երեխաներ ունենալ, լաց է լինում: Տանում են` լալիս է էս աղջիկը: Ոնց թե, դու հերոսուհի՞ ես, ինչ ես լալիս: Եվ, երբ մտածում ես, բա ո՞րն է այդ քո ճշմարտությունը, բա ու՞ր է քո հերոսությունը. պարզվում է, որ այսպես էլ կարելի է… Եվ նա հերոս է ոչ թե այն ճառն արտասանելու համար, ոչ թե, որ ուզեցել է պետության եւ օրենքի դեմ կանգնել, որովհետեւ այլ կերպ ապրել չի կարող: Այո, ուզում է ապրել, սիրել, մայրանալ, բայց չի կարող: Կուզեմ ապրել, կուզեմ փրկվել. էհ, արա, ասա մեղա, մեղա ասա, կամ, ինչպես մահմեդականներն ասում են, աման: Թուրքը որ վրադ հարձակվի, ասա աման, եւ կվերջանա` ամենամեծ գազանից անգամ կփրկվես: Չեմ կարող ասել, չեմ կարող: Էությունս ներքնապես պատրաստ չէ, բայց սա արդեն պայքար չէ, բախում չէ, կռիվ չէ պետության դեմ, այլ իմ եսի, իմ սրտի օրենքի հետ` իմ համաձայնության նշանը: Այդպես, ինչպես բոլոր նրանք, ովքեր երբևէ` հիմա կամ վաղը, իրենց սրտի օրենքը կհակադրեն պետության օրենքին: Պետության մեքենան ծանր տանկի նման կգա եւ կճզմի, կփշրի, կփշրի… Էս էլ Անտիգոնեի ճշմարտությունը: Քիչ առաջ պաշտպանում էի Կրեոնտին, կուզեք էլի պաշտպանեմ, ասեմ, թե ուրիշ ելք չունի Կրեոնտը: Ուշադրություն դարձրեք, որ արածը Անտիգոնեի մի չնչին բան է` մի բուռ հող: Ուշադրություն դարձրեք, որովհետեւ կանցնեն ամիսներ, եւ երբ ես կամ մեկ այլ մարդ կպատմի ձեզ Շեքսպիրի ողբերգությունները, երբ ասի, թե ի՞նչ եղավ, եղբայր Օթելլոյին ի՞նչ է պատահել: Թե ասում է թաշկինակը, թաշկինակը: Թաշկինակի համար մարդ է սպանել, եղբայր: Այդ թաշկինակը, Շեքսպիրի այդ թաշկինակը, այս Անտիգոնեի մի բուռ հողն է: Փոքր բան է, բայց ամբողջ իր կյանքը այս փոքրության մեջ է: Էս փոքրից է, որ մենք հիմա որոտընդոստ ճառեր ենք ասում` փոքրից: Այդ փոքրը բերում է իր հետեւից ամենը, եւ մի բուռ հող ցանողը աշխարհը կքանդի: Իրավունք ունեմ էդպես մտածելու ես,` Լեւոնս, ես` իշխանավորս, ես` Հիտլերը, Ստալինը, ես` Թալեաթը, Աբդուլ Համիդը: Ի՞նչ է, հայ ես, իսկ ես ուզում եմ թուրք պետություն ստեղծել, իսկ դու ինձ խանգարում ես, որովհետեւ դրամս քեզ մոտ է, առեւտուրս քեզ մոտ է, հրատարակչությունս քեզ մոտ է, թատրոնս քեզ մոտ է, դպրոցական սիստեմը քեզ մոտ ավելի լավ է կազմակերպված, քան ինձ մոտ: Ի՞նչ պիտի անեմ ես` պիտի խեղդեմ, ջարդեմ, կոտորեմ` մեկուկես միլիոն, երկու միլիոն, Տեր Զորում, թե անապատում, թե եկեղեցում: Կոտորեմ հանուն փրկության: Սա այն է, ինչը որ մեր նոր ժամանակներում, այսքան վատ ժամանակներում կոչվում է արդարացման փիլիսոփայություն: Այդ փիլիսոփայությամբ ամեն ինչ կարելի է, այո, արդարացնել: Մեր պատմության մեջ էլ 66 միլիոն զոհ տվինք սիբիրներում` հանուն սոցիալիզմի: Հակառակ դեպքում սոցիալիզմը չէր հաղթի իր հավի խելքով: Բայց այդ հավի խելքը տակը ուժ ունի, քեզ խեղդելու մագիլներ ունի: Ինչ անեմ ուրեմն, ինչ անեմ: Այո, իրավացի ես, հա, արդար ես, հա կոտորիր հայերին, հրեաներին, սլավոններին, ֆրանսիացիներին, կոտորիր, կոտորիր, ազգեր կոտորիր, սոցիալիստներ կոտորիր, կամ դաշնակներ կոտորիր: Էս բոլորը, էս բոլորը գալիս է մի բուռ հողից, մի թաշկինակից, իմ մի ճիչից, իմ ճշմարտությունից, ես եմ, այդ եմ ուզում, թող ինձ հանգիստ ապրեմ, հանգիստ սիրեմ: Չի կարող, չի կարող թողնել, որովհետեւ այդ ապստամբությունը կործանումն է պետության: Տեսա՞ք ինչպես կործանվեց Կրեոնտը: Հենց որ իրեն մարդ զգաց` ինքն էլ կործանվեց: Եվ նույն մեքենան կգա եւ նույն ուժով երկուսին էլ ոտնատակ կտա, կջարդի, կկոտորի: Ինչ է դուրս գալիս, ամբողջ պատմությունը սա է, ամբողջ համաշխարհային գրականությունը սա է` Անտիգոնեի ճիչն է, Անտիգոնեի կռիվն է` հանուն իր փոքրիկ ճշմարտության, իր մի բուռ հողի, իր սիրած թաշկինակի...Ես չգիտեմ, գալու՞ է, արդյոք, մի ժամանակ, երբ այս սխալ վերաճած մարդը հանկարծ հասնի հասարակական այն վիճակի, երբ շտկվեն, հարմարեցվեն, համահնչուն լինեն իմ ճշմարտությունը եւ այդ հսկա պետության ճշմարտությունը: Մի ժամանակ, եւ դուք էլ մի կորցրեք ձեր հույսը, որովհետեւ առանց դրա անիմաստ է ապրել, ես ոչ միայն բիոլոգիական հույսս եմ կորցրել, այլեւ մետաֆիզիկ հույսս, որովհետեւ, երբ դա լինի ինչպիսի գեղեցկություններ, ինչպիսի ողբերգություններ, ինչպիսի զմայլելի հենարաններ կկորցնեմ ես: Կկորցնենք պայքարը, կկորցնենք Անտիգոնեին, կկորցնենք Համլետին, կկորցնենք Օթելլոյին, կկորցնենք ինձ եւ քեզ` բոլորիս կկորցնենք` հանուն չգիտեմ ինչ-որ իմ եւ պետական օրենքի նմանության, եւ կկորցնենք, իհարկե, մեր այս զրույցները, մեր այս կում-կում ծարավը հագեցնելու պահանջը»:
Comments