top of page

Ուինսթոն Չերչիլ «Քո արածը քեզ մոտ էլ վերադառնում է»:

20-րդ դարի սկիզբն էր: Մի շոտլանդացի ագարակատեր տուն էր վերադառնում ճահճոտ տարածքով: Հանկարծ նա լսեց օգնության կանչեր: Ագարակատերը վազեց ձայնի ուղղությամբ ու տեսավ մի տղայի, ով ճահիճն էր ընկել ու չէր կարողանում դուրս գալ: Տղայի շարժումներն ավելի ու ավելի էին խորտակում նրան: Տղան վախից ու հուսահատությունից ճչում էր: Ագարակատերը մի հաստ ճյուղ պոկեց ծառից, զգույշ մոտեցավ խեղդվողին ու մեկնեց ճյուղը: Տղան դուրս եկավ ճահճից. նա ամբողջովին դողում էր, ու չէր կարողանում զսպել լացը: Կարևորը վտանգն անցյալում էր, ու նա փրկված էր:

- Գնանք մեր տուն,-առաջարկեց ագարակատերը,- դու պետք է հանգստանաս ու տաքանաս:

- Չեմ կարող,- ասաց տղան,- հայրս ինձ է սպասում: Հիմա նա շատ անհանգստացած կլինի:


Տղան շնորհակալությամբ լի հայացքով նայեց իր փրկչին ու արագ հեռացավ: Հաջորդ առավոտյան ագարակատիրոջ տան մոտ շքեղ կառք կանգնեց: Կառքից դուրս եկավ լավ հագնված պարոն ու հարցրեց.

- Դու՞ք եք երեկ փրկել իմ որդուն:

- Այո, - պատասխանեց ագարակատերը:

- Եվ որքա՞ն պետք է ձեզ վճարեմ:

- Մի վիրավորեք ինձ, պարոն: Դուք ոչինչ ինձ պարտք չեք: Ես վարվել եմ այնպես, ինչպես կվարվեր ցանկացած նորմալ մարդ:

Իսկ անծանոթը պնդեց.

- Որդիս շատ թանկ է ինձ համար... Ասեք ցանկացած գումար:

- Ես այլևս չեմ ցանկանում խոսել այս թեմայով: Ցտեսություն,- ասաց ագարակատերն ու շրջվեց, որ գնա և հենց այդ պահին տան մուտքի մոտ հայտնվեց նրա որդին:

- Ձե՞ր որդին է,- հարցրեց հարուստ պարոնը:

- Այո,- հպարտությամբ պատասխանեց ագարակատերը և շոյեց որդու գլուխը:

- Դե ուրեմն եկեք այսպես պայմանավորվենք: Ես ձեր որդուն ինձ հետ կտանեմ Լոնդոն և կհոգամ նրա ուսման համար: Եթե նա իր հոր նման երախտապարտ է, ապա ո՛չ դուք, ո՛չ ես չենք փոշմանի այս որոշման համար:

Անցավ մի քանի տարի: Ագարակատիրոջ որդին ավարտեց դպրոցը, ապա՝ բժշկական համալսարանը: Շուտով նրա անունը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Նա Ալեքսանդր Ֆլեմինգն էր՝ հենց ինքը՝ պենիցիլինի հայտնագործողը:

Պատերազմից առաջ Լոնդոնի՝ հարուստների համար նախատեսված հիվանդանոցներից մեկում ծանր թոքաբորբով պառկած էր տարիներ առաջ ճահճում խեղդվող այն տղան՝ մեծահոգի պարոնի որդին: Ի՞նչ եք կարծում, ի՞նչը փրկեց նրա կյանքը: Այո, Ալեքսանդր Ֆլեմինգի հայտնագործած պենիցիլինը:

Ֆլեմինգի ուսման համար հոգացող հարուստ պարոնը Ռենդոլֆ Չերչիլն էր: Իսկ նրա որդու անունը Ուինսթոն Չերչիլ էր, ով էլ հետագայում դարձավ Անգլիայի վարչապետը:


Ուինսթոն Չերչիլը հարցազրույցներից մեկում մի անգամ ասել է. «Քո արածը քեզ մոտ էլ վերադառնում է»:


Ռուսերենից թարգմանեց Նարէ Աթոյանը


Անտարես հրատարակչությունը լույս է ընծայել ՀՐԱՇԱԳՈՐԾ ԲՈՐԲՈՍԸ գիրքը, որը նախատեսված է

8-12 տարեկան երեխաների համար: Գրքին ծանոթանալու համար սեղմեք նկարը:

17 просмотров0 комментариев

Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.
bottom of page