Ամեն ինչ անցողիկ է՝ սերը, արվեստը, Երկիր մոլորակը, դուք, ես: Մահն այնքան անխուսափելի է, որ բոլորին անակնկալի է բերում: Ինչպե՞ս իմանաք, որ այդ օրը վերջինը չի լինելու: Մտածում եք, թե դեռ լիքը ժամանակ կա: Ու հանկարծ՝ վերջ, խեղդվում եք, և սպառված է կանոնակարգված ժամանակը: Մահը միակ ժամադրությունն է, որ նշված չէ ձեր օրգանայզերում»։
*** Իմ մասնագիտության մեջ ոչ մեկը չի ուզում, որ երջանիկ լինեք, որովհետև երջանիկները չեն սպառում»:
*** Եվրոն հնարեցին, որպեսզի հարուստների անպարկեշտ բարձր աշխատավարձերը վեց անգամ ավելի համեստ երևան:
*** Որքան շատ եմ խաղում ձեր ենթագիտակցության հետ, էնքան ավելի շատ եք ինձ ենթարկվում:
*** Հըմմ, այնքան լավ բան է ձեր ուղեղի մեջ մտնելը: Ըմբոշխնում եմ ձեր աջ կիսագունդը: Դուք այլևս ձեր ցանկության տերը չեք, ես իմն եմ պարտադրում: Արգելում եմ ցանկանալ՝ ինչ սիրտներդ ուզի: Ձեր ցանկությունը ներդրման արդյունք է, որ հաշվվում է միլիարդ եվրոներով: Ես եմ այսօր որոշում, թե վաղն ինչ եք ցանկանալու:
*** «Որպեսզի մարդկությանը վերածի ստրկամիտ զանգվածի, գովազդը նվազագույն միջոցներ է կիրառում՝ մտքի ճարտարություն, վստահության ներշնչում: Մենք ապրում ենք մի համակարգում, երբ մարդը իշխում է մարդու վրա, ինչի դեմ, սակայն, նույնիսկ ազատությունն է անզոր: Ասեմ ավելին՝ նրա նշանակետն ազատությունն է: Դա է նրա ամենամեծ գյուտը: Ցանկացած քննադատություն գովերգում է դրա կարևորությունը, ցանկացած պամֆլետ ուժգնացնում է դրա ստեղծած մեղմ հանդուրժողականության պատրանքը: Նա իրեն է ենթարկում նրբագեղորեն: Ամեն ինչ կարելի է, ոչ ոք քեզ չի հայհոյի, եթե համակերպվում ես այդ խառնաշփոթին: Համակարգը հասել է իր նպատակին՝ նույնիսկ անհնազանդությունը հնազանդության տեսակ է դարձել»:
*** Ցանկացած գրող մատնիչ է: Եվ ամբողջ գրականությունը՝ մատնություն: Չեմ հասկանում գիրք գրելու հետաքրքրությունը, եթե քեզ կերակրող ձեռքը չես կծում: Այնպես է ստացվել, որ վկան եմ մեր ժամանակների որոշակի իրադարձությունների և, ի դեպ, ճանաչում եմ փոքր ինչ խելառ մի հրատարակչի, որն ինձ դրանք հրատարակելու հնարավորւոյթւոն է տվել: Ճանապարհի սկզբին ոչ մեկից ոչինչ չեմ խնդրել: Ես հայտնվել եմ մի մեքենայում, որն իր ճանապարհին փշրում է ամեն բան. Երբեք չեմ պատկերացրել, որ դրանից անվնաս դուրս կգամ: Փորձում էի հասկանալ, թե ով կարող է փոխել աշխարհը, մինչ այն պահը, երբ հասկացա, որ գուցե հենց ես»:
*** Առաջին անգամ Երկիր մոլորակի պատմության մեջ բոլոր երկրներում մարդիկ միևնույն նպատակն ունեին՝ բավականաչափ փող աշխատել՝ նմանվելու համար գովազդի հերոսներին: Մնացածը երկրորդական էր, հետևանքների ժամանակ իրենք արդեն չեն լինի:
***
Մտքներովդ չանցնի մոռանալ՝ գովազդի հետ խաղ չեն անում:
*** Մեծ տարբերություն չկա սպառել և ոչնչացնել բառերի միջև:
***
«Մարդկանց հիմարի տեղ մի դրեք, բայց երբեք էլ մի մոռացեք, որ հիմար են»:
*** Կրեատիվն այն մասնագիտությունն է, որտեղ ոչ թե դու ես հաստատում աշխատավարձի չափը, այլ աշխատավարձն է քեզ հաստատում:
*** Նախկինում շատ- շատ ընկերներ ունեիր, իսկ այժմ՝ ոչ մի հատիկ: Դա նշանակում է, որ երբեք էլ չես ունեցել:
***
«Մարդիկ ինքնասպան են լինում, որովհետև փոստով միայն գովազդներ են ստանում»:
***
Երբ ամեն ինչ իմաստազրկվում է, յուրաքանչյուր մանրուք արժևորվում է:
***
«Սերը ոչ մի կապ չունի սրտի՝ այդ զզվելի, արյան պոմպի դեր կատարող օրգանի հետ: Սերը նախ և առաջ ճնշում է թոքերին: Սխալ է ասել՝ «Սիրտս փշրված է», ճիշտ կլինի ասել՝ «Օդը չի հերիքում»: Թոքերն են ամենառոմանտիկ օրգանը, բոլոր սիրահարվածները հիվանդանում են թոքախտով, պատահական չէ, որ այդ հիվանդությունից են մահացել Չեխովը, Կաֆկան, Լոուրենսը, Ֆրեդերիկ Շոպենը, Ջորջ Օրուելը և սուրբ Թերեզան, ինչ վերաբերում է Կամյուին, Մորավիային, Բուդարին, Մարիա Բաշկիրցևային, Կատրին Մենսֆիլդին՝ կգրեի՞ն արդյոք նույն գրքերը, եթե այդ հիվանդությունը չունենային: Բացի դրանից՝ հիշենք, որ Կամելիազարդ տիկինը ինֆարկտից չի մահացել: Այդ պատիժը գրգռված կարիերիստների համար է և ոչ թե անհույս սիրահարների»:
***
Սիրահարված տղամարդը նա է, ով սիրում է նայել իր քնած կնոջը և ժամանակ առ ժամանակ այդպես ըմբոշխնել նրան:
***
«Դու ամեն ինչից հագեցած լկտի ես խաղում, բայց իրականում այդպես չէ: Ցինիզմը չէ պատճառը, որ գնում ես լրբերի մոտ, հակառակը՝ սիրուց ես փախչում: Նրանք քեզ անզգացմունք սեքս են տալիս, անցավ հաճույք: Դու այն ես, ինչ կաս: Այսպես ասած «նորմալ» կնոջ հետ ջանքեր ես թափում, գլուխ ես գովում, քեզ ավելի լավն ես ցույց տալիս, մի խոսքով՝ կեղծում ես: Տղամարդն է պոռնիկի դեր տանում: Մինչդեռ բորդելում տղամարդն ազատ է, չի ջանում դուր գալ կնոջը, ավելի լավը երևալ: Դա միակ վայրն է, որտեղ նա վերջապես իրական է, թույլ, գեղեցիկ, փխրուն: Անառակ կանայք թանկ են նստում, բայց օգնում են ինքդ քեզ խնայել: Չափազանց թուլամորթ ես, որպեսզի մեկ անգամ ևս դիմես սիրահարվելու ռիսկին՝ իր հետևանքներով՝ արագ բաբախող սիրտ, ուժգին ապրումներ, անսպասելի հիասթափություն, ողբ ու կաղկանձ: Միայն իսկապես զգայուն էակները կարիք ունեն վճարելու, որպեսզի խուսափեն տառապելուց»:
***
Ոչինչ այնքան չի գաղութացնում, որքան համաշխարհային գովազդը:
***
Մի սուտը կարող է իր մեջ մի ուրիշը թաքցնել:
***
-Պաշտում եմ մազերդ: -Բայց կեղծամ է: -Պաշտում եմ երկնագույն աչքերդ: -Բայց ոսպնապակիներ են: -Պաշտում եմ կրծքերդ: -Բայց «Wonderbra» է: -Պաշտում եմ ոտքերդ: -Ահա՛, սա արդեն վաստակած հաճոյախոսություն է:
***
Սերը դոմինոյի է նման, առաջին սիրահարվածության ձախողումը իր հետ բերում է մյուսները:
***
Մայամին մի քաղաք է, որի արքայազնը լուսանկարիչն է:
***
Ամբողջ աշխարհը ծախու է:
***
Ինչն է պատճառը, որ ես բացակա մարդկանց եմ տենչում:
***
Եթե տղամարդիկ այնքան ցավ են պատճառում կանանց, պատճառն այն է, որ նրանք շատ ավելի գեղեցիկ են, երբ արտասվում են:
***
Կանանց հետ միշտ նույն բանն է,- ասաց Չարլին,- կամ մեզ խաբում են, կամ զզվացնում:
***
Կարծում էի, թե վախենում էի մահից, բայց պարզվեց, որ կյանքից էի վախենում:
Ֆրեդերիկ Բեգբեդեր «99 ֆրանկ» Ֆրանսերենից թարգմանեց Ռուզան Միրզոյանը
Գիրքը այստեղ
Comments