top of page

ԿԻՆ/ «Կեցության անտանելի թեթևությունը»

Կին լինելը Սաբինայի համար կեցության ձև է, որ ինքը չի ընտրել: Այն, ինչ ընտրության արդյունք չէ, չի կարելի ո՛չ արժանիք, ո՛չ էլ ձախողում համարել: Նմանատիպ հարկադիր իրադրություններում մեզ մնում է, ըստ Սաբինայի, գտնել համապատասխան կեցվածքը: Սաբինայի համար կին ծնված լինելու դեմ ըմբոստանալը նույնքան անհեթեթ է, որքան դրանով հպարտանալը: Առաջին հանդիպումներից մեկի ժամանակ Ֆրանցն ասաց Սաբինային ձայնի տարօրինակ հնչերանգով. «Սաբինա, դուք կին եք»: Սաբինան չէր հասկանում, թե ինչու է Ֆրանցն իրեն այդ լուրն ազդարարում այդքան հանդիսավոր տոնով. ասես Քրիստափոր Կոլումբոսը, որ հեռվում Ամերիկայի ափն էր նշմարել: Միայն ավելի ուշ Սաբինան հասկացավ, որ կին բառը, որը Ֆրանցն արտասանում էր առանձնահատուկ պաթոսով, վերջինիս համար նշանակում էր ոչ թե մարդկային ցեղի երկու սեռերից մեկը, այլ որոշակի արժեք: Բոլոր կանայք չէ, որ արժանի էին կին կոչվելու: Բայց եթե Սաբինան Ֆրանցի համար կինն է, ուրեմն ի՞նչ է Մարի- Կլոդը՝ նրա իսկական կինը: Արդեն քսան տարի էր անցել այն օրից (այդ ժամանակ նրանց ծանոթությունը մի քանի ամսվա վաղեմություն ուներ), երբ Մարի- Կլոդը Ֆրանցին սպառնացել էր, որ եթե վերջինս իրեն լքի, ինքն ինքնասպան կլինի:

Այդ սպառնալիքը կախարդել էր Ֆրանցին: Մարի- Կլոդը նրան այնքան էլ դուր չէր գալիս, բայց նրա սերը Ֆրանցին թվում էր վսեմ: Ֆրանցն իրեն արժանի չէր համարում այդպիսի սիրո և իր պարտքն էր համարում խոնարհվել Մարի- Կլոդի առջև: Եվ ուրեմն, նա խոնարհվել էր մինչև գետին և կնության էր առել նրան: Ու թեև կինն այլևս երբեք զգացմունքի նման լարում չդրսևորեց, ինչպես այն օրը, երբ սպառնում էր ինքնասպան լինել, Ֆրանցի էության խորքում դեռ ապրում էր այն հին հրամայականը. երբեք ցավ չպատճառել Մարի- Կլոդին, հարգել կնոջը նրա մեջ: Այս նախադասությունն ուշագրավ է: Նա ոչ թե ասում էր՝ հարգել Մարի- Կլոդին, այլ՝ հարգել կնոջը Մարի- Կլոդի մեջ: Բայց եթե Մարի- Կլոդն ինքը կին էր, ո՞րն էր նրա ներսում ծպտված մյուս կինը, որին Ֆրանցը պիտի հարգեր: Գուցե մայր/կնոջ պլատոնական գաղափա՞րը: Ֆրանցը մոտավորապես տասներկու տարեկան էր, երբ մի գեղեցիկ օր նրա մայրը մենակ մնաց. Ֆրանցի հայրն անսպասելիորեն հեռացել էր: Ֆրանցը գլխի էր ընկնում, որ լուրջ ինչ-որ բան է պատահել, բայց մայրը կոծկում էր դա չեզոք և զուսպ խոսքերով՝ որդուն հարվածի չենթարկելու համար: Այդ օրը, երբ պատրաստվում էին դուրս գալ բնակարանից՝ քաղաքում միասին մի պտույտ գործելու համար, Ֆրանցը նկատեց, որ մայրը երկու տարբեր կոշիկներ է հագել: Նա շփոթված էր. ուզում էր մորը զգուշացնել՝ միաժամանակ վախենալով նրան վիրավորելուց: Ֆրանցը երկու ժամ անցկացրեց մոր հետ փողոցներում շրջելով՝ չկարողանալով հայացքը կտրել նրա ոտքերից: Այդ օրը նա հասկացավ՝ ինչ է նշանակում տառապանք:


Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը»

Թարգմանությունը ֆրանսերենից` Շուշանիկ Թամրազյանի


Գրքին ծանոթանալու համար սեղմեք նկարը:

22 просмотра0 комментариев

Comentarios


bottom of page