top of page

«...մարդիկ ճար-ճար են անում՝ թուլացնեն քեզ, որ ուղիղ ճամփի վրա դնեն»/ «Թռիչք կկվաբնի վրայով»

- Չէ, ախպերո, էդ մեկը՝ չէ: Նա ձեր աչքերը չի կտցում հանում, է՛: Է՛դ չի կտցում:

Հարդինգը ցնցվում է, ու ես տեսնում եմ, ձեռները դուրս են սողում ծնկների արանքից, ոնց որ մամռակալած ոստերի միջից դեպի բնի ճյուղավորման տեղը սողացող սպիտակ սարդեր:

- Մեր աչքերը չի կտցո՞ւմ,- հարցնում է նա:- Լավ, էլի, բա ի՞նչն է կտցում միսս Ռաչեդը, բարեկամս:

Մաքմըրֆին քմծիծաղ է տալիս:

- Ի՛հ, չգիտե՞ս, ախպերո:

- Չէ, իհա՛րկե չգիտեմ: Դե, եթե պն...

- Ձվերդ, ախպերո, անգին ձվերդ:

Սարդերը հասնում են բնի ճյուղավորման տեղին ու սրսփալով ծվարում: Հարդինգը փորձում է ժպտալ, բայց դեմքն ու շրթունքները էնքան սպիտակ են, որ ժպիտը կորչում է: Նա աչքերը մեխել է Մաքմըրֆիի երեսին: Մաքմըրֆին սիգարետը հանում է բերանից ու ասածը կրկնում.

- Հենց ձվերդ: Չէ, էդ քույրը ասածիդ պես հավանոցի հրեշապետը չի, ախպերո, ձու ջարդող է, այ թե ինչ: Հազարներով տեսել եմ դրանցից՝ էլ ահել ու ջահել, էլ տղամարդ ու կինարմատ: Որտեղ ասես չեմ տեսել՝ դուրսն էլ, տանն էլ. էդ մարդիկ ճար-ճար են անում՝ թուլացնեն քեզ, որ ուղիղ ճամփի վրա դնեն, սեփական կանոններին հետևել տան, իրենց ուզածով ապրել սովորեցնեն: Իսկ դա անելու՝ քեզ չոքեցնելու, կոտրելու լավագույն ձևը ամենացավոտ տեղին հասցնելն է:

Կռվի մեջ շլոր-մլորիդ հեչ ծնկով չե՞ն խփել, ախպերո: Խելքդ լրիվ մաղում է, չէ՞: Դրանից վատ բան չկա: Փալաս ես դառնում, մի կաթիլ ուժ էլ չի մնում: Եթե դիմացինդ ուզում է քեզ թուլացնելով հաղթել, ոչ թե ինքը ուժեղ դուրս գալով, ուրեմն աչքերդ չորս արա ծնկին, կարևոր տեղիդ է նշան բռնել: Այ էդ պառավ ուրուրն էլ է նույնն անում՝ կարևոր տեղիդ է նշան բռնում:

Հարդինգի երեսը դեռ սփրթնած է, բայց ձեռներին արդեն տիրապետում է. մի թեթև ծափ է տալիս՝ ճգնելով վանել Մաքմըրֆիի ասածը.

- Մեր սիրելի միսս Ռա՞չեդը: Մեր անուշիկ, ժպտերես, քնքուշ Ռաչեդ մայրիկը՝ գթության հրեշտակը՝ ձու ջարդո՞ղ: Է՜հ, բարեկամ, բնավ ճշմարտանման չի:

- Ախպերո, դենը տար էդ զառանցանքը քնքուշ մայրիկի մասին: Հա, միգուցե և մայրիկ է, բայց ամբարի պես զռփո ու դանակի բերանի պես կոշտ: Առավոտը որ եկա, էդ բարի մայրիկի հեքիաթով երևի մի երեք րոպե ինձ խաբեց, ավել չէ: Ձեզ էլ, իմ կարծիքով, դժվար թե վեց ամիս կամ մի տարի խաբեր, տղերք: Փա՛հ, էլի եմ շան քած տեսել իմ օրում, բայց սա բոլորին տվել անցել է:

- Շան քա՞ծ: Ախր մի րոպե առաջ ձու ջարդող էր, հետո էլ՝ հավ թե ուրուր: Փոխաբերություններդ իրար հերթ չեն տալիս, բարեկամս:

- Գրողի ծոցը. շան քած էլ է, ուրուր էլ, ձու ջարդող էլ, ու գլուխս մի՛ տար, դու գիտես՝ ինչի մասին եմ խոսում:

Հարդինգի դեմքն ու ձեռները հիմա առաջվանից արագափոխ են. շարժումների, ժպիտների, ծամածռանքի, քմծիծաղի արագացրած ֆիլմ է: Ինչքան նա փորձում է վերջ տալ դրան, էնքան մեծանում է արագությունն ու մեծանում: Երբ թողնում է, որ ձեռներն ու դեմքը շարժվեն իրենց ուզածի պես, ու չի աշխատում զսպել, դիմախաղին ու շարժումներին իրոք հաճելի է նայել, բայց երբ անհանգստանում է, աշխատում զսպել, կրակոտ պարի բռնված մոլեգնադող տիկնիկ է դառնում: Ամեն ինչ ավելի ու ավելի արագ է շարժվում, ձենն էլ է արագանում հավասարվելու համար:

-Վա՛հ, լսիր, բարեկամս, միստր Մաքմըրֆի, իմ հոգեխանգարված բախտընկեր, մեր միսս Ռաչեդը գթության իսկական հրեշտակ է, հո բոլորը գիտեն: Նա քամու պես անշահախնդիր է, օր օրի՝ շաբաթվա հինգ երկարուձիգ օրը, իր տքնաջան, անշնորհակալ գործն է անում հանուն ամենքի բարօրության: Դրա համար արիություն է պետք, բարեկամս, արիություն: Փաստորեն, ինչքան ինձ հայտնի է վստահելի աղբյուրներից,- իրավունք չունեմ աղբյուրներս բացահայտելու, բայց ասեմ, որ Մարտինին էլ է հաճախ շփվում էդ մարդկանց հետ,- միսս Ռաչեդը հանգստյան օրերին ևս շարունակում է ծառայել մարդկությանը՝ վեհանձնորեն հասարակական աշխատանք անելով քաղաքում: Բարեգործական ճոխ ընծաներ է պատրաստում՝ պահածոյացված մթերք, փորը պնդացնող ազդեցություն ունեցող պանիր, օճառ, ու նվիրում ֆինանսապես նեղն ընկած խեղճուկրակ երիտասարդ զույգի:- Նրա ձեռները խլրտում են օդում՝ գծելով նկարագրվող տեսարանը:- Ա՛խ, նայեք, նայեք. ահա նա՝ մեր քույրը: Կամացուկ թակում է դուռը: Ժապավենավոր զամբյուղով է: Երիտասարդ զույգը պապանձվում է երջանկությունից: Ամուսնու բերանը բաց է մնացել, կինն արտասվում է բացեիբաց: Մեր քույրը գնահատող հայացքով զննում է նրանց կացարանը: Խոստանում է փող ուղարկել... լվացքի փոշու համար, այո: Զամբյուղը դնում է սենյակի կենտրոնում: Իսկ երբ հեռանում է մեր հրեշտակը՝ օդային համբույրներ, եթերական ժպիտներ հեղելով, ուղղակի արբեցած է մարդկային բարության քաղցրանուշ կաթից, որ սեփական արարքն է առաջացրել նրա փարթամ կրծքում, մեծահոգությունից իրեն կորցրել է: Կորցրել, լսո՞ւմ ես: Դռան մոտ դադար տալով՝ նա ամաչկոտ նորահարսին տանում է մի կողմ ու իր անունից քսան դոլար առաջարկում: «Գնա, խեղճ, դժբախտ, կիսաքաղց երեխա, գնա քեզ համար մի վայելուչ շոր առ: Ես հասկանում եմ, ամուսինդ միջոցներ չունի, բայց ահա, վերցրու սա ու գնա»: Եվ զույգը հավետ պարտական է նրան բարերարության համար:



Քեն Քիզի «Թռիչք կկվաբնի վրայով»

Թարգմանությունանգլերենից՝ԶավենԲոյաջյանի


Գրքին ծանոթանալու համար սեղմեք նկարը:


47 просмотров0 комментариев

Comentários


bottom of page