top of page

«… մահը կիսատ մնացած մտքերը մտաբերելու կարողության կորուստը չէ՞, ինչ է». «Ապուշների ուղևորությունը»

Обновлено: 22 февр. 2021 г.


«... Ոմանց միտքն այնքան է տկար, որ դժվար է ասել`հասկանու՞մ են արդյոք`ինչով է տարբերվում շարժումն անշարժությունից»:

***

«Վերջապես գնացքը թունելից լույս է դուրս գալիս: Ապուշները ժպտում են`արևը կարծես պահմտոցի է խաղում իրենց հետ: Նրանք մոռացել են Հեյդարին: Արևը իրադարձություն է»:

*** «Խումբը հասկանում էր, որ եթե Մամեդովը կրկնում ու աչքով է տալիս, պիտի ծիծաղեն՝ ռուսերեն լավ չգիտեն տղաները: Ծիծաղում են՝ հրոսապետին դուր է գալիս, երբ ստորադասներն իր ասածների վրա ծիծաղում են: Դուր է գալիս, որ ապուշի պես են պահում իրենց: Դա իր առավելության հերթական ստուգումն է»:

***

«Լենինի գլուխը գնահատված էր աստղաբաշխական մի թվով, որ անկարելի էր հաշվել: Այդ գլուխը բազմացնելու վրա ինչ նյութ ասես չի ծախսվել՝ է՛լ գրանիտ, է՛լ մարմար, է՛լ պղինձ, է՛լ երկաթ, է՛լ արծաթ, է՛լ ոսկի: Ահա ձեզ բոլոր ժամանակների ամենաթանկ մարդկային գլուխը»:


***

«Նրանք թքած ունեին, որ պահպանակի իրենց չափը (խորհրդային պահպանակները երեք չափ ունեին) ամոթով կամ հպարտությամբ հայտարարելուց հետո ինչ փոփոխության էր ենթարկվում Զոյայի դեմքը: Որքան մեծ էր պահպանակի չափը, այնքան ջերմ էր բուժքրոջ ժպիտը: Հասկանալի է: Իսկ նրանք թքած ունեին նաև այդ ժպիտի վրա: Թքած ունեին, որ Զոյան 68 տարեկան էր: Թքած ունեին Զոյայի պատկառելի տարիքի ու ամեն տեսակ փորձառության վրա: Թքած ունեին, որ նա ատամներ չունի ու պրոթեզ է կրում: Թքած ունեին ընկեր լենինների, դոկտոր զիաների ու բուժքույր զոյաների վրա: Ա՛յ պահպանակների վրա թքած չունեին: Շատերը պահում էին իրենց բաժին պահպանակները: Համար 2 ապրանքատեսակը հազվագյուտ բան էր: Դիֆիցիտ: Մարդիկ դեղատներում հերթ էին կանգնում»:

***

«Հիմարանոցի կանանց մեծամասնությունը նույն ախտորոշումն ուներ: Այդ թվում Նինելն ու Մելսիդան: Եթե կինը ցնդել է, հավանական պատճառը սեռական անբավարարությունն է»:

***

«Զինվորներից շատերին, որոնց այդպես էլ չհաջողվեց այդ չծնված մանուկների հայրը դառնալ, պատերազմի դաշտից ետ էին բերում այդտեղ: Այս անգամ նրանք այնքան էին թուլացած լինում, որ անգամ ոտքի վրա չէին կարողանում կանգնել: Նրանց բերում էին ուղիղ դիահերձարան, որովհետև կռվելու համար այլևս անպետք էին: Իսկ անպետք զինվորին հարկավոր է հերձել»:

***

«Շատ շատերի նման դոկտոր Զիան կորցրել էր ամբողջ խնայողությունը: Այսօր պետությունն իրեն գումար է հատկացնում հիվանդների սննդի և այլ ծախսերի համար, վաղը կարող է չտալ, վաղը կարող է ինքը տնօրեն չլինել: Հարկավոր է օգտվել այս խառնաշփոթից: Պղտոր ջրում ձուկ պետք է որսալ: Ո՞վ է այսօր հսկում պետական գումարները, կարելի է խնայել դրանք և խնայողությամբ արտադրություն բացել: Կեցցե մասնավոր սեփականությունը: Իսկ ի՞նչ արտադրություն: Նա նայեց զորամասի կողմը: Զինվորին հագուստ է պետք: Զինվորին սնունդ է պետք: Հայացքն ընկավ դիահերձարանի կողմը: Մի՛ս: Զինվորին միս է պետք: Պահածոյի արտադրություն: Այ թե ինչ գաղափար հուշեց նրան դիահերձարանը: Կեցցեն խառը ժամանակները: Ինչ լավ է, որ շունը չի ճանաչում տիրոջը, ինչպես այդ ապիրատ հայերն են ասում»:

***

«Մարդ սպանելը միզապարկ դատարկելուն հենց դրանով է նման՝ երկուսից հետո էլ շունչ ես քաշում»:

***

«Իր զինվորները տարվել են էն երկու հիվանդ կանանցով: Ոչի՛նչ: Վաղուց կին չեն տեսել: Մտածում է Մամեդովը: Թո՛ղ հուպ տան: Ինչքան չլինի կին են ու հետն էլ հայ: Երկուսը մի տեղում»:

***

«Նրանք այլևս ետ չեն եկել իրենց բացակայության ետևից: Մարդիկ շուտ են կորցնում հետաքրքրությունն իրենց բացակայության հանդեպ»:

***

«Լվացարանները կոտրված են՝ իսկը մերկացած ոսկորներ»:

***

«Դոդը նայում էր պատից կախված լուսանկարին՝ մի բան, որ երբեք չհասկացավ, ո՞նց է լինում, որ մարդը լուսանկարից նայում է քեզ, մի կողմ ես քաշվում, էլի հայացքով քեզ է հետևում»:

***

«... գնացքը հոգիներից դատարկված մարմիններ է փոխադրում`այդ մարմիններում միայն սրտեր են տրոփում»:

***

«Մահը հիմա քուն է ձևանում: Մահը կամաց- կամաց ներարկումներ է անում, թմրեցնում է նրա գիտակցությունը… Ի՜նչ անդիմադրելի բան է այդ մահը, նուրբ մատներով ուզում է փակել կոպերը: «Մահը կին է: Օրորում է նրան, ձեռքիդ նռնակը խաղալիք է, ասում է»:

***

«Աշխարհի ամենաթանկ բանը հոգեկան հիվանդի սերն է»:

***

«Մայորը խոսում է մեքենավարի հետ: Դեղնակտուցներին պատերազմ ուղարկելուց առաջ բերում են զինկոմիսարիատ, ջրիկ-ջրիկ ծիծաղում են, հանաքներ անում, չափում ես բոյները, չեն հասկանում, որ իրենց դագաղի բոյն ես վերցնում»:

***

«… մահը կիսատ մնացած մտքերը մտաբերելու կարողության կորուստը չէ՞, ինչ է»:

***

«Ժորիկը նայում է նկարին, ապա դիակի սփրթնած դեմքին, գլխի վիրակապին: Փամփուշտը ծակել- անցել է: Ծակել- անցել է: Անցք թողած կլինի: Նրա գլուխը ծակ է, գլուխը ծակ է, գուցե վիրակապել են, որ քամին ներսուդուրս չանի միջով՝ ուղեղի բորբոքում չստանա»:

***

«Գնացքը կանգնած է ադրբեջանական զինվորական գերեզմանոցի մոտ: Ապուշները դատարկություն են բեռնաթափում՝ սև թավշով պատված դատարկություններ: Գետնին ցելոֆանե երկնագույն մի ծածկոց է փռված: Ցելոֆանը մարդկային մարմինների ձև է ընդունել: Դունդուկը մոտենում է ծածկոցի մոտ կանգնած մարդուն, հարցնում է.

Ի՞նչ է դրա տակ:

Ծածկոցի տա՞կ,- հարցնում է մարդը:

Հա,- կրկնում է նա, որ երբեք դեմ չէ տված հարցը կրկնել,- ի՛նչ է դրանց տակ:

Միս,- պատասխանում է մարդը:

Մի՞ս,- զարմանում է մտավոր հետամնացը:

Մի՛ս,- հաստատում է ադրբեջանցին, որ չի սիրում ասածը կրկնել»:

***

«Գնացքը հազիվ նկատելի ընթացքով շարժվում է երկաթգիծը շուրջկալած գերեզմանոցի միջով: Ապուշները պատուհաններից նայում են դուրս՝ շիրմաքարերին: Շիրմաքարերից իրենց են ժպտում շարք կանգնած զինվորներ, որ քար համբերությամբ շարունակում են տունդարձի անընդհատ ուշացող գնացքին սպասել: Ասես նրանց հավերժության վրա ժամապահ են կարգել»:

***

«Հայերն ու ադրբեջանցիներն այստեղ գերի ու դիակ են փոխանակում՝ դիակը դիակի, գերին՝ գերու հետ: Պատահում է՝ երկու դիակը մեկ գերու հետ: Մի կենդանի զինվորը հավասար է երկու զինվորի դիակի»:


Հատվածներ Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը» գրքից

(երկաթուղային վեպ)


Գրքին ծանոթանալու կամ պատվիրելու համար սեղմեք նկարը:


23 просмотра0 комментариев

Comentários


bottom of page