top of page

Թոմաս Ման. Հատված Նոբելյան Ճառից

Վերջին մեկուկես տասնյակ տարում գերմանական մտքի ու հույզի նվաճումները բարենպաստ հանգամանքների՝ հոգևոր ու նյութական ապահովության պաշտպանության ներքո չէ, որ արարվել են. որևէ ստեղծագործություն չի կարող հասունանալ ու ավարտվել անվտանգության ու հարմարավետության մեջ, արարումի պայմանները,- միշտ արտասովոր, համընդհանրական, հիմնախնդրային,- պայմաններն են կարիքի, սահմանայնության ու տառապանքի՝ գրեթե արևելյան, գրեթե ռուսական խառնաշփոթ- տառապանքի, ուրում գերմանական ոգին պահպանել է արևմտյան, եվրոպական սկզբունքը՝ ձևի պատիվը: Որովհետև, այնպես չէ՞, ձևը եվրոպական պատվի բանն է: -Ես կաթոլիկ չեմ, տիկնայք և պարոնայք, ինձ, ինչպես հավանաբար և Ձեզ բոլորիդ ավանդվածը բողոքական անմիջնորդայնությունն է առ Աստված:

Այնուամենայնիվ, ես սիրելի սուրբ ունեմ: Ես ուզում եմ Ձեզ հայտնել նրա անունը՝ Սուրբ Սեբաստիան. Դուք գիտեք սյանը հենված այն երիտասարդին, որին ամեն կողմից թրերով ու նետերով խոցում են, և որը ժպտում է տանջանքների մեջ: Վայելչակերպություն տանջանքում՝ այս հերոսականությունն է, որ խորհրդանշում է սուրբ Սեբաստիանին: Հնարավոր է, համարձակ պատկեր է, սակայն ինձ գայթակղում է այս հերոսականությունը գերմանական ոգու, գերմանական արվեստի առնչությամբ կիրառելն ու ենթադրելը, որ Գերմանիայի գրական ձեռքբերումներին բաժին հասած համաշխարհային պատիվը վերաբերում է այս վեհապանծ հերոսականությանը: Գերմանիան իր ստեղծագործմամբ վայելչակերպություն է դրսևորել տանջանքում: Պահել է պատիվը, որպես քաղաքական միավոր՝ չքայքայվելով ցավի անարխիայում, պահպանելով կայսրությունը, և որպես ոգի՝ տառապանքի արևելյան սկզբունքը միակցելով ձևի արևմտյան սկզբունքին, տառապանքի մեջ գեղեցիկին ծնունդ տալով:

3 просмотра0 комментариев

Comments


bottom of page