top of page

«– Դա այդպես չէ, որ ես հոտ չունեմ, քանի որ ամեն ինչն ունի հոտ»:/ «Օծանելիք»

Նա ուսերին գցեց ձիու ծածկոցն ու սողաց դուրս: Այնտեղ ճիշտ այդ ժամանակ առավոտ էր՝ փետրվարի վերջի ուշ առավոտ: Արևը լուսավորում էր: Հողից խոնավ քարի, քարաքոսի ու ջրի հոտ էր գալիս: Քամին արդեն հասցնում էր հողմածաղիկների թույլ բուրմունքը: Նա նստեց քարանձավի մուտքի մոտ՝ հողի վրա՝ արևի տակ տաքանալով ու ներշնչելով թարմ օդը: Նա դեռևս դողդողում էր՝ վերհիշելով գարշահոտը, որից ինքը փախել էր, ու դողդողում էր երանելի տաքությունից, որը տարածվել էր նրա թիկունքի վրա: Այնուամենայնիվ, լավ է, որ դեռևս գոյություն ուներ այս արտաքին աշխարհը գոնե որպես փախուստի նպատակակետ: Աներևակայելիորեն սարսափելի կլիներ թունելից դուրս գալով ոչ մի աշխարհ չհայտնաբերել: Ոչ լույս, ոչ հոտ, միայն այդ սարսափելի գարշահոտ մշուշը ներսում, դրսում, ամենուր…

Ցնցումն աստիճանաբար անցնում էր: Աստիճանաբար վախի գրոհը նահանջեց, և Գրենույը սկսեց իրեն ավելի վստահ զգալ: Կեսօրին մոտ նա կրկին ձեռք բերեց սառնասրտությունը: Ձախ ձեռքի ցուցամատն ու միջնամատը ներսի մասով մոտեցնելով քթին՝ նա շնչում էր մատների միջով՝ ներշնչելով խոնավ, հողմածաղիկներով համեմված, գարնանային օդի բուրմունքը: Մատներից ոչ մի հոտ չէր գալիս: Նա շրջեց ափն ու հոտոտեց ներսի կողմից: Զգաց ձեռքի տաքությունը, բայց ոչ մի հոտ չառավ: Այդ ժամանակ ծալեց վերնաշապիկի քրքրված թևքն ու քիթը մոտեցրեց արմունկի կորագծին: Նա գիտեր, որ դա այն տեղն է, որտեղ յուրաքանչյուր մարդուց իր հոտն է գալիս: Սակայն ոչ մի հոտ չառավ: Ոչ մի հոտ չառավ թևատակերից, ոչ մի հոտ ոտքերից, ոչ մի հոտ սեռական օրգանից, դեպի որը նա խոնարհվել էր, որքանով հնարավոր էր: Դա գրոտեսկ էր: Ինքը՝ Գրենույը, որն ունակ է մի քանի մղոն հեռավորության վրա հոտով հայտնաբերել այլ մարդու, չկարողացավ մի թիզ հեռավորությունից զգալ իր սեռական օրգանի հոտը:


Չնայած դրան՝ նա խուճապի չենթարկվեց, այլ, սառը խորհելով, ասաց հետևյալը.

– Դա այդպես չէ, որ ես հոտ չունեմ, քանի որ ամեն ինչն ունի հոտ: Խնդիրը հավանաբար, այն է, որ չեմ առնում իմ հոտը, քանի որ ծնվածս օրվանից առել եմ իմ հոտը, և այդ իսկ պատճառով քիթս բթացել է իմ սեփական հոտի հանդեպ: Եթե ես կարողանայի ինձնից առանձնացնել իմ հոտը կամ գոնե դրա մի մասը, փոքր-ինչ ետ վարժվեի ու որոշ ժամանակ անց վերադառնայի դրան, ապա շատ լավ էլ կկարողանայի առնել իմ հոտը, հետևաբար՝ զգալ ինքս ինձ:

Նա իր վրայից հանեց ձիու ծածկոցն ու հագուստը կամ այն, ինչ դեռ մնացել էր այդ հագուստից՝ հանեց այդ ցնցոտիները, այդ քրջերը: Նա յոթ տարի դրանք չէր հանել իր հագից: Դրանք պետք է որ ամբողջությամբ ներծծված լինեին իր հոտով: Նա դրանք կույտով նետեց քարանձավի դիմաց ու հեռացավ: Եվ ահա յոթ տարվա մեջ առաջին անգամ կրկին բարձրացավ սարի գագաթը: Այնտեղ կանգնեց այն նույն տեղը, որտեղ կանգնել էր այն ժամանակ՝ իր գալստյան օրը, քթով թեքվեց դեպի արևմուտք և քամուն թույլ տվեց քամհարել իր մերկ մարմինը: Նրա նպատակն էր այնքան քամհարվել, այնքան թունդ արբել արևմտյան քամով, այսինքն՝ ծովի ու խոնավ մարգագետինների հոտով, որպեսզի այդ հոտը գերակշռի իր սեփական մարմնի հոտը, որպեսզի առաջանա կապ իր՝ Գրենույի և իր հագուստի միջև, և այդ ժամանակ կկարողանար պարզորոշ զգալ այդ հոտը: Եվ որպեսզի քիթը որքան հնարավոր է ավելի քիչ առնի սեփական հոտը, նա խոնարհվեց առաջ, ողջ ուժով պարանոցը ձգեց ընդդեմ քամու, իսկ ձեռքերը՝ ետ: Նա ուներ այնպիսի տեսք, ինչպիսին լողորդը՝ ջուրը ցատկելուց առաջ:

Այդ չափազանց ծիծաղելի վիճակում մնաց մի քանի ժամ շարունակ, այնպես որ, նրա՝ լույսից ետ սովորած, սպիտակ՝ ինչպես որդի մաշկը, դարձավ կարմրավուն, ինչպես ծովախեցգետնի մոտ, չնայած արևը դեռ թույլ էր տաքացնում: Երեկոյան կողմ կրկին իջավ քարանձավը: Նա արդեն հեռվից տեսավ իր հագուստների կույտը: Մի քանի մետր հեռվից փակեց քիթը և կրկին բացեց միայն այն ժամանակ, երբ ընդհուպ մոտեցավ հագուստներին: Նա ցանկանում էր փորձանմուշի եղանակով հոտ առնել, ինչպես սովորել էր Բալդինիի մոտ. իր մեջ ներքաշեց օդը, իսկ հետո սկսեց փուլ առ փուլ հրումներով այն դուրս թողնել իր միջից: Որպեսզի որսա հոտը, զույգ ձեռքերը հագուստների վերևում միացրեց որպես զանգակ, որի մեջ՝ ինչպես լեզվակը, մտցրեց իր քիթը: Նա արեց ամեն հնարավորը, որպեսզի հագուստներից դուրս քաշի իր սեփական հոտը: Բայց դրանց մեջ այդ հոտը չկար: Կային հազարավոր այլ հոտեր: Հոտերը քարի, ավազի, մամուռի, խեժի, ագռավի արյան, նույնիսկ երշիկի հոտը, որը նա շատ տարիների առաջ գնել էր Սյուլլիի մոտակայքից, դեռևս գալիս էին պարզորոշ: Հագուստները վերջին յոթ-ութ տարվա հոտառական օրագիրն էին: Եվ միայն իր սեփական հոտը՝ հոտը նրա, ով կրում էր դրանք, չհանելով ողջ ժամանակ, հագուստների վրա չկար:

Եվ այդ ժամանակ նա, այնուամենայնիվ, մի քիչ վախեցավ: Արևը մայր մտավ: Նա մերկ կանգնել էր հանքարանի բովանցքի մուտքի մոտ, որի մութ ծայրամասում՝ խավարի մեջ, ապրել էր յոթ տարի: Սառը քամի էր փչում, և նա մրսեց, բայց նկատեց, որ մրսում է, քանի որ նրա ներսում կար ինչ-որ մի հակասառնություն, ավելի ճիշտ՝ վախ: Դա այն վախը չէր, որը զգացել էր քնած ժամանակ՝ ինքն իր կողմից խեղդվելու նողկալի վախը, որը պետք էր ամեն գնով թոթափել, և որից կարողացել էր փախչել: Այն, ինչ զգում էր այժմ, վախ էր ինքն իր մասին ոչինչ չիմանալու: Այն հակադիր էր մյուս վախին: Նրանից հնարավոր չէր փախչել, պետք էր գնալ նրան ընդառաջ: Պետք էր նույնիսկ, եթե այդ բացահայտումը սարսափելի դառնա, հաստատ իմանալ՝ ունի՞ նա հոտ, թե՞ ոչ: Եվ իմանալ հենց հիմա: Անմիջապես:

Նա վերադարձավ հանքարանի բովանցքը: Արդեն մի քանի մետր անց նրան շրջապատեց լիակատար մթությունը, բայց նա կողմնորոշվում էր ինչպես ամենապայծառ լույսի ժամանակ: Հազարավոր անգամներ էր անցել այդ ուղին, գիտեր ամեն քայլն ու ամեն շրջադարձը, հոտառությամբ զգում էր յուրաքանչյուր ստալակտիտը, յուրաքանչյուր փոքրիկ ելուստը: Դժվար չէր գտնել ճանապարհը: Դժվար էր պայքարել կլաուստրոֆոբիական երազի դեմ, որը մակընթացության պես խոյանում էր նրա վրա ավելի ու ավելի բարձր ալիքներով: Բայց նա չէր նահանջում: Այսինքն՝ չիմանալու վախի դեմ պայքարում էր իմանալու վախով և հաղթանակ տարավ, քանի որ գիտեր, որ ինքն ընտրություն չուներ: Երբ հասավ մինչև հանքարանի բովանցքի վերջը, որտեղ վեր էին խոյանում մանրախճի կույտերը, երկու վախերն էլ լքեցին նրան: Նա զգաց, որ հանգիստ է, որ իր միտքը պայծառ է, իսկ քիթը՝ սրված, ինչպես հերձադանակը: Նա ծնկածալ նստեց, ձեռքերով փակեց դեմքն ու հոտ քաշեց: Այդ տեղում՝ աշխարհից հեռու այդ քարե գերեզմանում, նա պառկել էր յոթ տարի: Եթե աշխարհում գոնե ինչ-որ տեղ պետք է լինի նրա հոտը, ապա այստեղ: Նա դանդաղ էր շնչում: Նա ուշադիր էր ստուգում: Գրենույը չէր շտապում եզրակացություն անել: Նա ծնկածալ նստած մնաց քառորդ ժամ: Նա անսխալ հիշողություն ուներ և ստույգ հիշում էր, թե ինչպիսի հոտ ուներ այդ տեղը յոթ տարի առաջ՝ քարի ու խոնավ աղահամ սառնության, և այդ մաքրությունը նշանակում էր, որ ոչ մի կենդանի, ոչ մի մարդ կամ շնչավոր արարած երբեք այստեղ ոտք չէր դրել… Ճիշտ այդ նույն հոտն էր գալիս այժմ: Նա էլի որոշ ժամանակ նստեց լիովին հանգիստ, միայն գլուխն էր թույլ շարժում: Այնուհետև շրջվեց ու գնաց դեպի ելքը՝ սկզբում կռացած, իսկ հետո, երբ հանքարանի բովանցքի բարձրությունը թույլ տվեց, ուղղվեց ու գնաց դուրս՝ դեպի ազատություն:

Դրսում հագավ իր ցնցոտիները (կոշիկները դեռ տարիներ առաջ շարքից դուրս էին եկել), ուսերին գցեց ձիու ծածկոցը և դեռ նույն գիշերը, լքելով Պլոմ-դյու-Կանտալը, ուղղվեց դեպի հարավ:


Պատրիկ Զյուսքինդ «Օծանելիք. մի մարդասպանի պատմություն» Թարգմանությունը գերմաներենից՝ Կարլեն Մատինյանի


19 просмотров0 комментариев

Comments


bottom of page