top of page

Եթե կար­դաս էն, ինչ ուրիշ­նե­րը, կմ­տա­ծես մի­այն, ոնց որ ուրիշ­նե­րը/ «Նորվեգական անտառ»

Обновлено: 1 дек. 2020 г.

Աշխարհում էդպիսի մարդիկ կան։ Օժտված են հրաշալի տաղանդով, բայց ի վիճակի չեն ջանք թափել ու համակարգել դա և ի վերջո ցիրուցան են անում իրենց տաղանդը։ Ես տեսել եմ նման մարդկանց։ Սկզբում մտածում ես, թե հանճարեղ է։ Օրինակ՝ կան մարդիկ, որոնք մի անգամ նայելով նոտաներին՝ կարող են տեղնուտեղը նվագել բավական բարդ ստեղծագործությունը։ Եվ էնքան վարժ, որ ակամայից ապշած կմնաս։ Մտածում ես՝ երբեք չես համեմատվի նրանց հետ։ Բայց միայն էդքանը։ Նրանք անկարող են ավելի հեռուն գնալ։ Ինչո՞ւ. որովհետև առաջ գնալու համար ջանք չեն թափում։ Որովհետև նրանց մեջ ամրապնդված չեն ջանք թափելու վարժանքները։ Նրանց փչացրել են։ Տաղանդ ունեն, որի շնորհիվ փոքր տարիքից առանց ջանքի ընդունակ են ամեն ինչ բավական հմտորեն հաղթահարել, բոլորը հիանում են նրանցով ու գովաբանում, և ջանասիրություն ասվածը նրանց ձանձրալի է թվում։ Մյուս երեխաներից երեք շաբաթ պահանջող ստեղծագործությունը նրանք յուրացնում են դրա կես ժամանակահատվածում, և դասատուն, տեսնելով որ երեխան գլուխ է հանում, անցնում է հաջորդին։ Դա էլ են մյուսներից կրկնակի արագ հաղթահարում։ Էլի հաջորդին են անցնում։ Եվ առանց իմանալու, թե ինչ է նշանակում դժվարությունների հանդիպել, բաց են թողնում մի տարր, որն անհրաժեշտ է մարդու ձևավորման համար։ Սա դժբախտություն է։


***

Մենք նորմալ ենք էնքանով,– ասաց Րեյկոն,– որ հասկանում ենք՝ նորմալ չենք։


***


«Մեր խնդիրներից մեկն այն է, որ չենք ճանաչում և ընդունում այդ խեղումը։ Ինչպես ամեն մարդ յուրահատուկ քայլվածք ունի, էնպես էլ զգում է, մտածում և աշխարհին նայում յուրահատուկ սովորությամբ, ու եթե փորձենք ուղղել, անմիջապես չի ուղղվի, իսկ երբ փորձում ենք բռնի ուղղել, մի ուրիշ բան կարող է խաթարվել։ Իհարկե, սա շատ պարզեցված բացատրություն է և սահմանափակվում է մեր խնդրի որոշ մասով, բայց, այնուամենայնիվ, կարծես հասկանում եմ, թե նա ինչ էր ուզում ասել։ Գուցե մենք իսկապես ընդունակ չենք լիովին հարմարվելու մեր խեղվածությանը։ Դրա համար էլ խեղումից առաջացած իսկական ցավն ու տառապանքը չկարողանալով հարկ եղածի պես տեղավորել մեր ներսում և այդ ամենից հեռու լինելու համար գալիս ենք էստեղ։ Քանի դեռ էստեղ ենք, ազատված ենք ուրիշներին ցավ պատճառելուց, և ուրիշներն էլ ցավ չեն պատճառի մեզ, որովհետև բոլորս գիտենք, որ մենք «խեղված» ենք։ Սա է բացարձակ տարբերությունը արտաքին աշխարհից։ Արտաքին աշխարհում շատերն ապրում են առանց գիտակցելու իրենց խեղվածությունը։ Բայց մեր այս փոքրիկ աշխարհում հենց խեղվածությունն է նախապայմանը։ Ինչպես հնդկացիներն են գլխներին փետուրներ կրում՝ որպես իրենց ցեղին պատկանելու նշան, էնպես էլ մենք ենք կրում խեղվածությունը։ Եվ հանգիստ ապրում ենք, որպեսզի իրար չվնասենք»։


***


Բայց էս համալսարանում համարյա բոլորն էլ խաբեբա են։ Բոլորն ապրում են վախը սրտում, թե մարդիկ կհասկանան, որ իրենք ինչ-որ բան չգիտեն։ Դրա համար էլ նույն գրքերն են կարդում, նույն բառերն օգտագործում, Ջոն Քոլթրեյն լսում, Պազոլինիի ֆիլմերը նայում ու հուզվում։ Դա՞ է հեղափոխությունը։

Նույնիսկ չգիտեմ։ Իրականում ես հեղափոխություն չեմ տեսել, բան չեմ կարող ասել։

Եթե սա հեղափոխություն է, ինձ հեղափոխություն պետք չի։ Հաստատ կգնդակահարեն, որ օնիգիրիի մեջ միայն մարինացված սալոր եմ դնում։ Դու էլ անպայման կգնդակահարվես։ Քանի որ ստորադասական եղանակը հասկանում ես:

Հնարավոր է,– ասացի։

Ես գիտեմ՝ ինչ եմ ասում։ Որովհետև հասարակ ծագում ունեմ։ Հեղափոխություն լինի, թե չէ, հասարակ մարդիկ ստիպված են իրենց գոյությունը ծակուծուկերում պահպանել։ Ի՞նչ է հեղափոխությունը։ Ուղղակի պետական մարմինների անվանափոխություն։ Բայց նրանք դա չեն էլ հասկանում։ Ովքեր օգտագործում են էդ անհեթեթ բառերը։


***

Եթե կար­դաս էն, ինչ ուրիշ­նե­րը, կմ­տա­ծես մի­այն, ոնց որ ուրիշ­նե­րը:


***

Իմ կարծիքով կարիք չկա ամեն ինչ էդքան լուրջ ընդունել։ Ինչ-որ մեկին սիրելը հրաշալի բան է, և եթե զգացմունքն անկեղծ է, ոչ ոք էլ լաբիրինթոսում չի հայտնվում։ Վստահ եղիր քեզ վրա։ Իմ խորհուրդը շատ պարզ է։ Նախ՝ եթե ասածդ աղջիկը՝ Միդորին, քեզ էդքան ուժեղ է ձգում, ուրեմն նրան սիրահարվելը բնական է։ Բանը կարող է հաջողությամբ պսակվել, բայց հնարավոր է նաև, որ ոչինչ էլ չստացվի։ Իսկ սերը հենց սկզբից էլ դա է, որ կա։ Սիրուն տրվելը բնական է, երբ սիրահարված ես։ Ես էդպես եմ կարծում։ Դա էլ է անկեղծության տեսակ:


***


Իմ ստացած տպավորությունից ելնելով՝ ասեմ, որ Միդորին հիանալի աղջիկ է երևում։ Միայն նամակդ կարդալով արդեն հասկանալի է դառնում, որ նա գրավում է քեզ։ Եվ հասկանալի է, որ միաժամանակ քեզ ձգում է նաև Նաոկոն։ Դա բոլորովին էլ մեղք չի։ Էդպես հաճախ է պատահում էս վիթխարի աշխարհում։ Նույնն է, թե լավ եղանակին նավակով լողաս լճում և ասես, որ համ երկինքն է սիրուն, համ էլ լիճն է չքնաղ։ Հերիք է քեզ էդպես տանջես։ Թեկուզ չմիջամտես էլ, ամեն ինչ կընթանա, ինչպես որ պետք է ընթանա, և ինչ էլ անես, մարդ տառապում է, երբ պետք է տառապի։ Կյանքն է էդպես։ Թվում է՝ մեծ-մեծ եմ խոսում, բայց ժամանակն է, որ դու էլ կամաց-կամաց սովորես կյանքին։ Երբեմն չափից շատ ես փորձում կյանքը քեզ հարմարեցնել։ Եթե չես ուզում հոգեբուժարանում հայտնվել, սիրտդ մի քիչ բաց արա ու տրվիր կյանքի բնական ընթացքին։ Նույնիսկ ինձ նման անզոր ու անկատար կինը երբեմն մտածում է, թե ինչ սքանչելի բան է ապրելը։ Հավատա, էդպես է։ Մի խոսքով, ավելի երջանիկ եղիր։ Ձգտի՛ր երջանիկ լինել։


***

Երբ Քիձուկին մեռավ, ես այդ մահից մի բան սովորեցի։ Եվ որպես մտքի պայծառացում յուրացրի։ Կամ մտածում էի, թե յուրացրել եմ։ Դա հետևյալն էր.

«­Մա­հը կյան­քի հակառակ բևեռում չի, այլ թաքնված է հենց կյանքի ներսում»։

Եվ սա ճիշտ էր։ Ապրելու հետ մեկտեղ մենք սնուցում ենք մահը։ Բայց դա ընդամենը ճշմարտության մի մասն էր, որ պետք է սովորենք։ Նաոկոյի մահն ինձ սովորեցրեց հետևյալը. ոչ մի ճշմարտություն չի կարող սփոփել սիրելիին կորցնելու վիշտը։ Ոչ մի ճշմարտություն, ոչ մի ազնվություն, ոչ մի զորեղություն, ոչ մի բարություն չեն կարող այդ վիշտը ամոքել։ Մենք միայն կարող ենք անցնել այդ վշտի միջով ու ինչ-որ բան քաղել դրանից, որը, սակայն, ոչնչով չի օգնի հաջորդ վշտին անսպասելիորեն բախվելիս։


***

Վատանաբե, սոված չե՞ս,– խմելով տաք թեյն ասաց Միդորին։

Էնքան էլ չէ,– ասացի։

Հիվանդանոցի պատճառով է,– ասաց Միդորին՝ նայելով շուրջը:– Ովքեր սովոր չեն՝ էդպես է լինում։ Հոտեր, ձայներ, ծանր օդ, հիվանդների դեմքեր, լարվածություն, նյարդային վիճակ, հիասթափություն, ցավ, տառապանք․ էդ ամենի պատճառով է։ Դրանք սեղմում են ստամոքսն ու փախցնում ախորժակը։ Բայց եթե վարժվում ես, ուշադրություն չես դարձնում։ Իսկ եթե նորմալ հաց չուտես, հիվանդին խնամել չես կարողանա։ Ճիշտ եմ ասում։ Ես լավ գիտեմ, որովհետև չորս հիվանդ եմ խնամել՝ պապիս, տատիս, մորս ու հորս։ Մեկ-մեկ չես հասցնում ժամանակին հաց ուտել։ Դրա համար էլ հնարավորության դեպքում պիտի կուշտ ուտես:

Հասկանում եմ՝ ինչ նկատի ունես,– ասացի։

Երբ ազգականները հիվանդատեսի են գալիս ու միասին էստեղ ճաշում ենք, բոլորը քեզ պես կիսատ են թողնում։ Իսկ երբ ես արագ-արագ ուտում եմ, ասում են․ «Ընտիր ախորժակ ունես, Միդորի։ Ես էնքան վշտացած եմ, որ ուտելս չի գալիս»։ Բայց հիվանդին ես եմ խնամում։ Մյուսները մեկ-մեկ գալիս են ու միայն կարեկցում։ Ես եմ մաքրում կեղտը, օգնում, որ խորխը դուրս գա, սրբում մարմինը։ Եթե միայն կարեկցանքով կեղտն ինքն իրեն մաքրվեր, ես բոլորից էլ հազար անգամ շատ կկարեկցեի։ Բայց երբ ճաշը լրիվ ուտում եմ, քննադատող հայացքով ինձ են նայում ու ասում․ «Ընտիր ախորժակ ունես, Միդորի»։ Երևի բոլորն ինձ բեռնակիր էշի տեղ են դնում։ Հասուն մարդիկ են, բայց չեն հասկանում, թե կյանքը ոնց է կառուցված։ Դե, լեզվին տալը հեշտ է: Իսկ կարևորը՝ կեղտը մաքրել ես, թե չէ: Ախր ես էլ եմ վիրավորվում։ Ես էլ եմ ուժասպառ լինում։ Ես էլ եմ լացելու ցանկություն ունենում։ Առողջանալու ոչ մի հույս չկա, բայց բժիշկներն իրար վրա գալիս են, գլուխը բացում ու բզբզում, հա նույնն են անում, ու վիճակը գնալով վատանում է, նա էլ՝ կամաց-կամաց ցնորվում։ Դե փորձիր դա անընդհատ տեսնել քո աչքով։ Անտանելի է։ Սրան գումարած՝ խնայած փողն էլ աստիճանաբար սպառվում է, ու ես նույնիսկ չգիտեմ՝ կարո՞ղ եմ ևս երեքուկես տարի համալսարանում սովորել, թե չէ։ Քույրս էլ էս վիճակում չի կարողանում պսակվել։

Հարուկի Մուրակամի «Նորվեգական անտառ» (վեպ)

Ճապոներենից թարգմանեց Լիլիթ Խանսուլյանը Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան

Գրքին ծանոթանալու համար սեղմեք նկարը:

86 просмотров0 комментариев

Comments


bottom of page