top of page

Ժողովրդի հոգին. ԿՈՄԻՏԱՍ/ հատվածներ գրքից

«Իրավ, ես գտել եմ հայ խազերի բանալին և նույնիսկ կարդում եմ պարզ գրվածքները, բայց դեռ վերջակետին չեմ հասել. զի յուրաքանչյուր խազի խորհրդավոր իմաստին թափանցելու համար, նույնիսկ տասնյակ ձեռագրեր պրպտելով, երբեմն ամիսներ են սահում, իսկ ձեռքիս տակ եղած խազերը, այն էլ անուն ունեցողները, 198 հատ են առայժմ, մի կողմ թողնենք դեռ անանուն խազերը, որոնք խիստ շատ են»:

***

«Ժողովուրդը, որ գեղարվեստ չունի, նույնն է, թե զգալու կարողություն չունի: Էլ ի՞նչ ժողովուրդ, եթե չի զգում»,- այսպես էր կարծում Կոմիտաս վարդապետն արվեստի մասին: Ասել է թե՝ արվեստը ժողովրդի հոգին է: Եվ ի՞նչ արվեստ՝ առանց երաժշտության: Բոլոր մարդիկ, ժողովուրդները, գրեթե ամեն առիթի համար երգեր ունեն: Երգը մեղեդու մեջ ամփոփված հիշողություն է՝ ուրախություն կամ թախիծ, կամ սփոփանք ու հույս, և վերածնունդ: Կոմիտասը թեթև ձեռքով մի ժողովրդի հոգին է վերծանել:


***

Սողոմոնը շատ վաղ էր որբացել, բայց 12 տարեկանում բախտը նրան ժպտաց. 20 երեխաների միջև վիճակահանությամբ նրան ընտրեցին Էջմիածնում աշակերտելու: Սողոմոնը ներկայացավ կաթողիկոսին, որը նրա հետ հայերեն խոսեց: Տղան ոչինչ չհասկացավ. տանը միայն թուրքերեն էին խոսել, և կաթողիկոսին սա դուր չեկավ: Սողոմոնը հանդգնեց հակաճառել. դրա համար էլ եկել է սովորելու, ու երգեց: Երգելիս նկատեց, որ կաթողիկոսի աչքերն արցունք էին լցվել: Այսպես նա Գևորգյան ճեմարանի ուսանող դարձավ, իսկ ավարտելուց հետո նրան ճեմարանում երաժշտության ուսուցիչ նշանակեցին, ապա, քիչ անց, ձեռնադրեցին վարդապետ, որից հետո բոլորնը նրան որպես Կոմիտաս վարդապետ գիտեին:


***

Կոմիտասը պատմամշակութային խոշոր հայտնագործություն է կատարել`հայտնաբերել է հայ երաժշտական բանահյուսության հնագույն բարձրարվեստ նմուշները: Հավաքել է ավելի քան 4000 գեղջկական երգեր և գիտնականի վարպետությամբ ու մեծ պահանջկոտությամբ գրառել է դրանք: Կոմիտասը բնութագրել է հայ երգի գեղագիտական արժանիքները, վերլուծել տեսակներն ու կառուցվածքը: Հավաքագրելով և պահպանելով հայկական ժողովրդական երգերը`Կոմիտասը նաև պահպանել է Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը, որը հակառակ դեպքում կկորսվեր ցեղասպանության ժամանակ:


Գրքին ծանոթանալու համար սեղմեք նկարը:

13 просмотров0 комментариев

Comentarios


bottom of page