top of page

«Խաղը հենց ինքը կյանքն է որ կա, գեղեցիկ ու երջանկավետ կյանքը»/ «Ուխտագնացություն Արևելք»

«- Դուք շատ գեղեցիկ եք սուլում,- ասացի ես,- ես ձեզ դեռ այնտեղ՝ վերևում եմ լսել, Զայլերգրաբենում: Դա ինձ անչափ դուր եկավ: Ի դեպ, նախկինում ես երաժիշտ եմ եղել:

- Երաժի՞շտ,- վրա բերեց նա բարեկամաբար:- Դա շատ գեղեցիկ մասնագիտություն է: Չլինի՞ դուք թողել եք այն:

- Այո, արդեն բավական ժամանակ կլինի: Ես անգամ ջութակս եմ վաճառել:

- Ահա՛ թե ինչ: Ափսո՜ս: Դուք կարիքի մե՞ջ եք: Ուզում էի ասել. արդյոք դուք քաղցա՞ծ եք: Իմ տանը ուտելիք կա, ես նաև մի քանի մարկ գումար ունեմ գրպանում:

- Ախ ո՛չ,- արագ վրա բերեցի ես,- ես դա նկատի չունեի: Ես բավական բարվոք վիճակում եմ, ես ավելին ունեմ, քան հարկավոր է ինձ: Բայց ես շնորհակալ եմ ձեզ, դա շատ սիրալիր էր ձեր կողմից, որ ցանկանում եք հյուրասիրել ինձ: Շատ հազվագյուտ ես հանդիպում բարյացկամ մարդկանց:


- Դուք այդպե՞ս եք կարծում: Դե ինչ ասեմ, հնարավոր է: Մարդիկ տարբեր են, հաճախ նրանք իսկապես զարմանալի են: Դուք ևս զարմանալի մարդ եք:

- Ե՞ս: Բայց ինչու՞:

- Թեկուզ այն պատճառով, որ բավականաչափ փող ունեք և սակայն վաճառել եք ձեր ջութակը… Կնշանակի դուք երաժշտությունից այլևս հաճույք չե՞ք ստանում:

- Դե ինչ ասեմ: Երբեմն այնպես է պատահում, որ մարդս կորցնում է ուրախությունը հենց այն բանի հանդեպ, ինչը նախկինում սիրելի էր իրեն: Պատահում է, որ երաժիշտը վաճառում է իր ջութակը կամ պատով է տալիս, կամ էլ, որ նկարիչը օրերից մի օր այրում է իր բոլոր կտավները: Նման բան դուք երբևէ չե՞ք լսել:

- Իհարկե լսել եմ: Հավանաբար հուսահատությունից դրդված: Այդպես լինում է: Ես նաև երկու մարդու էի ճանաչում, ովքեր ինքնասպան եղան: Լինում են հիմար մարդիկ, և դա շատ ցավալի է: Ոմանց նույնիսկ հնարավոր էլ չէ օգնել: Բայց հիմա Դուք ինչո՞վ եք զբաղվում, երբ այլևս ջութակ չունեք:

- Ա՜խ, ինչ պատահի, մեկ այս, մեկ այն: Ճիշտն ասած ես շատ բան չեմ անում, ես այլևս երիտասարդ չեմ և հաճախ եմ հիվանդանում: Բայց ինչու՞ եք դուք շարունակ այդ ջութակից խոսում: Դա այդքան կարևոր բան չէ:

- Ջութակի՞ց: Այդ առթիվ ես մտաբերեցի Դավիթ թագավորին1 :

- Ինչպե՞ս, ինչպե՞ս: Դավիթ թագավորի՞ն: Բայց նա ի՞նչ կապ ունի սրա հետ:

- Նա ևս երաժիշտ է եղել: Երբ տակավին երիտասարդ էր, նա նվագում էր Սավուղ թագա-վորի առաջ և հաճախ ցրում էր նրան պաշարած չար մտքերը: Այնուհետև ինքն էլ թագավոր դարձավ, մեծազոր ու հոգսաշատ մի թագավոր՝ իր սեփական փոփոխական տրամադրություններով ու դժբախտություններով: Նա թագ էր կրում և պատերազմներ էր վարում և շատուշատ ուրիշ բաներ էր անում, հաճախ էլ զազրելի արարքներ էր իրեն թույլ տալիս և շատ հռչակավոր դարձավ: Սակայն, երբ ես խորհրդածում եմ նրա կյանքի պատմության մասին, ամենագեղեցիկն ինձ պատկերանում է երիտասարդ Դավիթը իր տավիղով, և թե ինչպես էր նա երաժշտությամբ փարատում թշվառ Սավուղին, և ես ցավ եմ ապրում, որ նա այնուհետև թագավոր դարձավ: Նա շատ ավելի երջանիկ էր ու համակրելի, երբ դեռ երաժիշտ էր:

- Անշուշտ,- փոքր-ինչ տաքացած բղավեցի ես:- Անշուշտ նա այն ժամանակ ավելի երիտասարդ էր, գեղեցիկ ու երջանիկ: Սակայն մարդս հավերժապես երիտասարդ չի մնում, և Ձեր այդ Դավիթն էլ ժամանակի ընթացքում միևնույն է ծերանալու էր, նույնիսկ եթե երաժիշտ մնալու լիներ: Բայց հենց դրանով իսկ նա դարձավ Մեծն Դավիթ, նա կատարեց իր սխրագործությունները և իր սաղմոսները գրի առավ: Կյանքը, սակայն, հենց միայն խաղ չէ որ կա:

Լեոն այժմ ոտքի կանգնեց և հրաժեշտի ողջույն տվեց:

- Ուր որ է գիշեր կլինի,- ասաց նա,- և շուտով անձրև է գալու: Ես շատ բան չգիտեմ այն արարքներից, որ Դավիթն է կատարել, և թե արդյոք դրանք իսկապես մեծազոր արարքներ էին: Ու նաև նրա սաղմոսների մասին, անկեղծ ասած, շատ բան չգիտեմ: Դրանց դեմ ես ոչինչ չէի ուզենա ասել: Բայց որ կյանքը միայն խաղ չէ , դա ինձ և ոչ մի Դավիթ չի կարող ապացուցել: Խաղը հենց ինքը կյանքն է որ կա, գեղեցիկ ու երջանկավետ կյանքը… Անշուշտ նրա հետ կարելի է ամեն ինչ անել, դարձնել այն պարտականություն կամ պատերազմ կամ բանտ, սակայն դրանից այն ավելի լավը չի դառնա: Ցտեսություն, ես շատ ուրախ էի տեսնելու ձեզ»:


[1]Դավիթ թագավոր – Նկատի ունի Իսրայելի երկրորդ թագավոր Դավիթին (մ.թ.ա. շուրջ 1042-979), Իսրայելի պետության հիմնադրին: Դավիթին է վերագրվում նաև Հին Կտակարանի Սաղմոսների գիրքը:


Հերման Հեսսե «Ուխտագնացություն Արևելք»

Գերմաներենից թարգմանությունը, վերջաբանը և ծանոթագրությունները՝ Աշոտ Ալեքսանյանի

8 просмотров0 комментариев

Σχόλια

Δεν ήταν δυνατή η φόρτωση των σχολίων
Φαίνεται πως υπήρξε τεχνικό πρόβλημα. Δοκιμάστε να επανασυνδεθείτε ή να ανανεώσετε τη σελίδα.
bottom of page