top of page

«Մեծ մայրս սուրճի գավաթով չէր գուշակում»/«Շշուկների մատյան»

«Այժմ գավաթների մասին: Ինչպես մոռացված շատ այլ սովորույթներ, սուրճ խմելու այս սովորույթն էլ վերացավ: Այսօր ամեն տեսակի գավաթներով, հաճախ նույնիսկ մեծ` ջրի բաժակներով են խմում: Խմում են նեսկաֆե, որը մրուր չի թողնում, ուր մնաց սեր ունենա: «Սերը,– բացատրում էր մեծ հայրս փոքր գդալով խառնելիս,– սուրճին զինանշանն է»: Զրույցի համար շրջանաձև շարված աթոռները հիմա այլևս փափուկ չեն: Մարդիկ սուրճը խմում են վաղ առավոտյան, քնից դեռ ուշքի չեկած և խոսելու անտրամադիր: Իսկ շատերի համար սուրճը լոկ մի ծխախոտ ևս ծխելու պատրվակ է:

Սուրճի գավաթները փոքր էին, գունագեղ ու պնակներին հարմար: Սրճեփին թուրքերեն ասում էին ջեզվե, իսկ գավաթին` ֆինջան:

Ամբողջ սպասքը թուրքական անուններ էր կրում և նույնիսկ սուրճը երբեմն թուրքերեն` ղայֆե էին անվանում: Երևում է, որ պապերս ժամանակին նույն բաները տեսնելով իրենց պապերի մոտ` Բոսֆորի կամ Եփրատի ափերին, խառնել էին հուշերն ու բառերը:

Մանկությանս օրերի ծերունիները սուրճը խմում էին երեկոյան վեցին: Պատրաստության ծեսն արդեն իսկ մղում էր հանդարտ զրույցի: Մի կերպ տեղավորվում էին բարձերի արանքներում: Սուրճը խմում էին առանց շտապելու, աղմկալի ներս քաշելով ու բավականությունից չպպացնելով: Ի հեճուկս պանդխտության, արյունոտ հուշերի և անցնող ժամանակի՝ այդ պահին աշխարհը կարծես անփոփոխ ու հանգիստ լիներ, իսկ հոգիները` հաշտված:

Մեծ հայրս վերցնում էր ջութակն ու նվագում այնքան, մինչև որ մրուրը չորանար գավաթներում` զանազան ծուռումուռ արահետներ գծելով: Մեծ մայրս սուրճի գավաթով չէր գուշակում, որովհետև մեծ հայրս ասում էր` ինչ որ գրված է, անպայման կկատարվի: Իսկ փորձանքներն աշխարհին տրված են, ինչպես խոտը կամ անձրևը: Եվ եթե փորձես շրջանցել գուշակված փորձանքները, դրանք, միևնույն է, կպատահեն, միայն թե ուրիշների ուսերին կգցես: Ուրեմն, բացի կրածդ փորձություններից, ինչո՞ւ մի մեղք ևս վերցնես քեզ վրա»:


Վարուժան Ոսկանյան «Շշուկների մատյան» Ռումիներենից թարգմանեց Սարգիս Սելյանը


Գիրքը այստեղ

25 просмотров0 комментариев

Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.
bottom of page