Շնչել չէր լինում, էնքան որ տոթ էր։
Մեծ եղբայրս՝ Դրեյքը, սառը լոգանքից հետո մորեմերկ գնում-գալիս էր իր սենյակում, ձայնը գլուխը գցած երգում։
«Վերցրու ամեն ինչ»,- ասում էր նա։
«Վերցրու փողս»։
«Սիրտս»։
«Եվ կյանքս»։
Ես փլվեցի պատշգամբի ճոճաթոռին ու սկսեցի հետևել նրան։ «Ինչ տխուր տարի է»,- անցավ մտքովս։ Զգում էի, թե ոնց է աշխարհը ծիծաղում մեզ՝ բոլոր ապրողներիս վրա։
Դրեյքն իր սենյակում կանգնած ծխում էր։
«Դու գիտես, որ ուրիշինն ես,– երգում էր նա,– ուրեմն էլ ինչո՞ւ չես ինձ հանգիստ թողնում»։
Հետո նա քրքջաց։
– Ինո՛ք,– ձայն տվեց ինձ,– ա՜հ, Ինոք։
Ես վեր կացա ճոճաթոռից և մտա տուն։ Հայրիկը քնած էր հյուրասենյակի թախտին։ Էնպիսի տեսք ուներ, կարծես փորձում էր մի հեռու տեղ գնալ, ուր մաքուր օդ կշնչեր։
Ես մտա Դրեյքի սենյակը։
– Ի՞նչ է,– ասացի։
– Ինոք,– ասաց նա։
– Ի՞նչ։
– Հիմա ինչի՞ մասին ես երազում։
– Ոչ մի բանի,– ասացի։– Ի՞նչ ես ուզում։
– Տղուկս,– ասաց,– շուտով ես հրաժեշտ կտամ ձեզ։ Ուզում եմ մի քիչ խոսել քեզ հետ։
«Սա ամենատխուր տարին է աշխարհում»,- անցավ մտքովս։
– Ո՞ւր ես գնալու,– հարցրի։
– Ինոք, տղուկս,– ասաց,– պատերազմ եմ գնում։
– Պատերա՞զմ,– ասացի։– Սուտ-սուտ մի՛ խոսի։
Ես սարսափեցի, ոնց որ էն պահերին, երբ ինձ թվում էր, թե ուր որ է աշխարհի վերջը կգա, ամեն ինչ ջարդուփշուր կլի¬նի, ու բոլորը կմեռնեն՝ կամ ջրահեղձ կլինեն, կամ շնչահեղձ, կամ էլ կճզմվեն ինչ-որ հսկայական անտեսանելի ծանրության տակ։
– Սուտ-սուտ մի՛ խոսի,– ասացի։
– Տղուկս,– ասաց նա,– ես արդեն զինվոր եմ։
Լացս բռնեց, որովհետև հասկացա, որ սուտ չի ասում։
Դրեյքն ինձ բարձրացրեց հատակից ու երեսիս վրա դրեց իր անկողնուն։
– Ինոք, տղուկս,– ասաց,– պատերազմը մարդու վայելքն է, վտանգը՝ նրա մխիթարությունը, իսկ մահը՝ սիրեցյալն ամեն մի շնչավոր էակի։
Նա երկար խոսեց։ Ես նստել ու նայում էի նրան։ «Պատերազմում,– մտածեցի,– մարդիկ սպանվում են։ Դրեյքը կսպանվի»։
– Քեզ կսպանեն պատերազմում,– ասացի։– Մի՛ գնա, Դրեյք:
– Միգուցե սպանեն, միգուցե և չէ,– ասաց նա։– Հենց դա էլ ուզում եմ պարզել։
– Քեզ կսպանեն,– ասացի։
Նրան պատկերացրի մեռած, մի մութ, ամայի փոսի մեջ ընկած ու լացս դրեցի։ Նա էնտեղ մենակ կլիներ ու արյունլվա, մարմինը՝ ջարդված։ Մայրիկը լսեց իմ լացի ձայնն ու ներս եկավ։
– Ինչո՞ւ ես տղային լացացնում,– ասաց։
– Նրան կսպանեն,– բղավեցի ես:– Դրեյքը պատերազմ է գնում՝ Իսպանիա, նրան կսպանեն։
Մայրիկս ծղրտաց։
– Դրեյք,– լաց եղավ նա։
Դրեյքը փստացրեց սիգարետը։
– Դրեյք, Դրեյք, Դրեյք,– լաց եղավ մայրիկը։
Նա շրջվեց ու վազեվազ գնաց հայրիկի մոտ։
– Ինոք, տղուկս,– ասաց Դրեյքը,– ուզում եմ, որ ունեցած-չունեցածս մնա քո խնամքի տակ։ Հրացանս, նվագարկիչս, գրքերս։ Փոլայի հետ էլ հետո՛ կխոսեմ։ Դու առաջինը եկար։
– Ինձ ոչ մի բան էլ պետք չի,– բղավեցի ես։– Քեզ կսպանեն։ Այ, կտեսնես։
– Դու ինը տարեկան ես,– ասաց նա։– Իսկը ժամանակն է երաժշտությամբ զբաղվելու համար։ Նվագարկիչն ու ձայնապնակները քեզ եմ թողնում։ Ո՞նց կարելի է...
– Չէ,– ասացի,– ինձ ոչ մի բան էլ պետք չի։
– Գրքերը կմնան Փոլային,– ասաց Դրեյքը։– Գնա կանչիր նրան։
Ես ուրախ էի, որ պիտի գնամ նրան կանչելու։ Աստիճաններով վազեցի վեր՝ Փոլայի սենյակը։
– Դրեյքը պատերազմ է գնում,– վրա տվեցի։
Էլ չսպասեցի, որ Փոլան բան ասի։ Դուրս թռա սենյակից, ու մի վայրկյան անց նա արդեն իջնում էր աստիճաններով։ Հայրիկն ու մայրիկը Դրեյքի սենյակում խոսում էին նրա հետ։ Փոլան Դրեյքի երկվորյակն էր ու իսկի էլ տխրած չէր երևում։ Իմ կարծիքով Փոլան շատ լավ էր հասկանում Դրեյքին, որ համարեր, թե նրա արածը ճիշտ չի։
Ես նրա հետևից ներս ընկա սենյակ։ Մայրիկը դեռ լաց էր լինում, բայց հայրիկն ուղղակի հոգնած տեսք ուներ։
– Դու էնքան մեծ չես, որ կռիվ գնաս,– ասաց։
– Ես դրա հոգսը քաշել եմ,– ասաց Դրեյքը։
Նա Փոլային նայեց։
– Գրքերս կմնան քեզ,– ասաց։
– Դու ընդամենը տասնութ տարեկան ես,– ասաց մայրիկն ու նորից սկսեց լաց լինել։
– Ընդամե՞նը,– ասաց Դրեյքը։
– Դու կոմունիստ չես,– ասաց հայրիկը։
– Ուսանող եմ,– ասաց Դրեյքը։
– Լաց մի՛ լինի, մա,– ասաց Փոլան,– Դրեյքին բան չի պատահի։
– Բա իհարկե,– ասաց Դրեյքը։
– Նրան կսպանեն,– ասացի ես։
– Ախր ինչի՞ համար ես ուզում զինվոր դառնալ,– ասաց հայրիկը։
Դրեյքը բոլորիս ժպտալով հագավ վերարկուն, դրեց գլխարկը, իսկ մայրիկը սկսեց առաջվանից էլ բարձր լաց լինել:
– Գրո՛ղը տանի,– ասաց հայրիկը։
Գրկեց մայրիկին ու ասաց.
– Լաց ես լինում, որ ի՞նչ:
Նա մայրիկին տարավ հյուրասենյակ։
Ահա և վերջ։ Դրեյքը պատերազմ գնաց։ Մենք էլ երբեք չտեսանք նրան, ու տանը ոչ ոք, Փոլայից բացի, ի վիճակի չէր զսպել լացը։ Իսկ Փոլան անընդհատ կրկնում էր՝ «Դրեյքին չեն կարող սպանել», թեկուզ նա զոհվել էր։
«Իմ անուշ փոքրիկ» ժողովածուից
Անգլերենից թարգմանեց Զավեն Բոյաջյանը
コメント